top of page

Պրոկրաստինացիա․Ինչո՞ւ ենք հետաձգում կարևոր գործերը և ինչպե՞ս հաղթահարել դա

Պրոկրաստինացիան պարզապես ծուլություն չէ, այլ հոգեբանական մեխանիզմ, երբ մարդը գիտակցաբար հետաձգում է կարևոր գործերը։ 

«Հետո կանեմ» մտածողությունը հաճախ դառնում է վախերից և անհանգստությունից խուսափելու ձև։ Մասնագետների կարծիքով՝ պրոկրաստինացիան ինքնապաշտպանական արձագանք է․ ուղեղը փորձում է հեռու մնալ բարդ, պատասխանատու կամ ձախողման վտանգ ունեցող իրավիճակներից։

 Ինչու՞ ենք պրոկրաստինացիա անում

1. Վախ ձախողումից կամ քննադատությունից 

Շատերը չեն սկսում որևէ առաջադրանք, որովհետև ենթագիտակցորեն վախենում են, որ այն լավ չի ստացվի։ Մտածում են՝ «իսկ եթե սկսեմ ու չկարողանամ ավարտել», «եթե ուրիշներին դուր չգա իմ աշխատանքը»։ Այս վախը մեզ մղում է հետաձգել գործողությունները։


2. Չափից մեծ կամ անորոշ առաջադրանքներ 

Երբ առաջադրանքը չափազանց մեծ է թվում, ուղեղը չի հասկանում, որտեղից սկսել։ Արդյունքում այն սկսում է «պաշտպանվել»՝ մեզ ստիպելով զբաղվել երկրորդական, ավելի հաճելի բաներով։

 Օրինակ՝ մի փոքր սենյակ մաքրելու փոխարեն սկսում ենք սոցիալական ցանցեր մտնել կամ ֆիլմ դիտել։


3. Սթրես և հոգնածություն

 Երբ հոգեբանական կամ ֆիզիկական էներգիան ցածր է, ուղեղը նախընտրում է հաճելի զբաղմունքներ, որոնք անմիջապես հաճույք են պարգևում։ 

Հաճախ դիմում ենք սոցիալական մեդիային, սկսում ենք անիմաստ թերթել նորությունները կամ գտնում այլ «թեթև» գործեր՝ միայն թե չբախվենք իրական առաջադրանքի հետ։ Գիտակցում ենք, որ պետք է աշխատենք, բայց ուղեղը պարզապես «չի ուզում»։


4. Զգացմունքների կառավարման դժվարություն 

Պրոկրաստինացիան հաճախ կապված է ոչ թե գործի, այլ զգացմունքների հետ։ 

Մենք փորձում ենք խուսափել անհարմար զգացողություններից՝ ձանձրույթից, վախից, անորոշությունից։ Այսպես առաջադրանքը դառնում է ոչ թե աշխատանքի, այլ ինքնակառավարման խնդիր։

 Ի՞նչ հետևանքներ ունի

Պրոկրաստինացիան կարող է ունենալ լուրջ հոգեբանական և գործնական հետևանքներ․


Աշխատանքային և ուսումնական արդյունքների անկում

Երբ շարունակ հետաձգում ենք կարևոր գործերը, դրանք կուտակվում են, և արդյունքում չենք հասցնում դրանք կատարել ժամանակին։


Մշտական սթրես և ներքին լարվածություն

Թվում է, թե հանգստանում ենք, բայց իրականում մեր միտքը մշտապես հիշեցնում է չկատարված գործերի մասին։


Մեղքի և սեփական ուժերի հանդեպ հավատի նվազում

 Երբ գիտակցում ենք, որ կարող էինք ավելի արդյունավետ լինել, բայց չեղանք, սկսում ենք մեղադրել ինքներս մեզ։


Ժամանակի անարդյունավետ օգտագործում

 Օրը անցնում է փոքր, անիմաստ գործողություններով, իսկ կարևոր գործերը մնում են անավարտ։


Երկարաժամկետ պրոկրաստինացիան կարող է հանգեցնել ինքնավստահության նվազման, անհաջողության զգացման և նույնիսկ դեպրեսիվ վիճակների։

 Ինչպե՞ս հաղթահարել պրոկրաստինացիան

Պրոկրաստինացիան հնարավոր է հաղթահարել՝ զարգացնելով ինքնագիտակցությունը և փոքր քայլերով փոխելով մեր սովորությունները։


  • Առաջադրանքների փոքր մասերի բաժանում 

Եթե առաջադրանքը մեծ է և բարդ, սկսեք ամենափոքր քայլից։ Օրինակ՝ «գիրք կարդալ» փոխարեն՝ սկսեք օրը 15 էջ կարդալով , որը կարող է ինձնից տանել 10-12 րոպե։


  • Իրատեսական ժամկետների սահմանում

Երբ գիտեք, թե երբ պետք է ավարտել յուրաքանչյուր քայլ, առաջադրանքն ավելի կառավարելի է դառնում։


  • Պոմոդորոյի տեխնիկա

 Աշխատեք 25 րոպե կենտրոնացած, ապա արեք 5 րոպե ընդմիջում։ Սա օգնում է պահպանել էներգիան և չհոգնել։


  • Շեղող գործոնների սահմանափակում

 Սոցիալական ցանցերը, հեռախոսային ծանուցումները և անիմաստ զրույցները կարող են «գողանալ» ժամեր։ Փորձեք ստեղծել միջավայր, որտեղ կարող եք աշխատել առանց շեղումների։


  •  Կենտրոնացում գործընթացի , ոչ թե արդյունքի վրա

 Երբ մտածում ենք միայն վերջնական արդյունքի մասին, այն կարող է վախեցնել մեզ։ Փոխարենը կենտրոնացեք քայլ առ քայլ առաջ գնալու վրա։


  • Պարգևատրում

 Յուրաքանչյուր փոքր առաջընթաց արժանի է գնահատման։ Սա կօգնի պահպանել մոտիվացիան։


  • Զգացմունքների վերլուծություն

 Երբ հասկանում եք, թե ինչն է առաջացնում հետաձգումը՝ վախ, անորոշություն, ձանձրույթ, կարող եք ավելի գիտակցված մոտենալ խնդրին։

Պրոկրաստինացիան ոչ թե թուլություն է, այլ որոշակի պատճառների հետևանք, որոնք լուծելու համար պետք է ոչ թե հետևանքի հետ պայքարել , այլ վերհանել պատճառները և աշխատել դրանց հետ։ Այստեղ կարևոր է հիշել, որ երբեմն մենք չենք կարող միայնակ հաղթահարել այս վիճակը։


MeetQ հավելվածը միավորում է հոգեբաններին և հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց՝ ապահովելով մասնագետի ընտրության, աշխատանքի ձևերին ծանոթանալու, այցի գրանցման և անվտանգ կապի հնարավորություններ։

Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:


Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:


Comments


bottom of page