top of page

Աշխատանքից կախվածություն ․ երբ աշխատանքը դառնում է կախվածություն

Առավոտը սկսվում է նամակներով, օրն անցնում է հանդիպումներով, իսկ երեկոն՝ դեռ չավարտված գործերի մասին մտքերով։ Նույնիսկ հանգստի ժամանակ գլխում շարունակում են պտտվել առաջադրանքները, ժամկետները, նպատակները։ Շատերի համար սա պարզապես «ակտիվ կյանք» է թվում, սակայն երբ աշխատանքը դառնում է միակ  մտածմունքի կենտրոնը, իսկ հանգիստը՝ անհնար, դա արդեն կարող է լինել աշխատանքից կախվածության նշան։ 


Ժամանակակից հասարակությունում մշտապես զբաղված լինելը հաճախ ընկալվում է որպես հաջողության չափանիշ։ Սակայն իրականում անընդհատ աշխատելը միշտ չէ, որ արդյունավետության կամ առողջ մոտիվացիայի ցուցանիշ է։ Երբ մարդը կորցնում է ընտրության ազատությունը և աշխատում է ոչ թե ցանկությամբ, այլ ներքին պարտադրանքով, մենք գործ ունենք աշխատանքի կախվածության հետ։Կախվածության այս տեսակը հաճախ անվանվում  է  <<Վորկահոլիզմ>>:

Ի՞նչ է աշխատանքից կախվածությունը


Աշխատանքից կախվածության ժամանակ մարդը մշտապես զգում է աշխատելու պարտադրանք՝ անկախ հոգնածությունից, առողջական վիճակից կամ անձնական կյանքի կարիքներից։ Այդ տեսակ մարդը դժվարությամբ է հանգստանում, մեղքի զգացում է ունենում ազատ ժամանակ ունենալիս և իր ինքնարժեքը չափում է աշխատանքի արդյունքներով։ Շատ հաճախ նա աշխատում է ոչ թե անհրաժեշտության, այլ ներքին լարվածությունը նվազեցնելու կամ սեփական արժեքը ապացուցելու համար։


Կարևոր է նշել, որ աշխատանքից կախվածությունը նույնը չէ, ինչ աշխատասիրությունը կամ բարձր մոտիվացիան։ Աշխատասեր մարդը կարող է արդյունավետ աշխատել և միաժամանակ պահպանել առողջ հավասարակշռություն աշխատանքի և անձնական կյանքի միջև, մինչդեռ աշխատանքից կախվածություն ունեցող մարդը այդ հավասարակշռությունը կորցնում է։

Ինչու՞ է առաջանում աշխատանքից կախվածությունը


 Առաջացման պատճառները բազմազան  և հաճախ փոխկապակցված են։


Անձնային գործոններ

 Ինքնագնահատականի ցածր մակարդակը, կատարելագործման մոլուցքը, ձախողումից վախը կամ մշտապես լավագույնը լինելու ձգտումը կարող են մարդուն դրդել անընդհատ աշխատել։ Շատ մարդիկ  իրենց արժեքը տեսնում են միայն իրենց հաջողությունների մեջ։


Սոցիալական և մշակութային գործոններ

Շատ հասարակություններում խրախուսվում է «միշտ զբաղված լինելու» գաղափարը։ Երկար աշխատելը հաճախ ընկալվում է որպես նվիրվածության և հաջողության նշան, իսկ հանգիստը՝ որպես ծուլություն։ Այս միջավայրում մարդիկ կարող են անգիտակցաբար ձևավորել ոչ առողջ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։


Հոգեբանական խնդիրներ

 Աշխատանքից կախվածությունը երբեմն ծառայում է որպես փախուստ՝ ներքին դատարկությունից, անհանգստությունից, դեպրեսիվ զգացողություններից կամ անձնական հարաբերությունների խնդիրներից։ Աշխատանքը դառնում է միջոց՝ չառերեսվելու սեփական զգացմունքներին։

Տվյալ կախվածության հետևանքները


Աշխատանքից կախվածությունը կարող է լուրջ վնաս հասցնել թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջությանը։ Հոգեբանական մակարդակում այն հաճախ ուղեկցվում է քրոնիկ սթրեսով, անհանգստությամբ, այրման համախտանիշով (burnout), քնի խանգարումներով և դեպրեսիայով։ Մարդը կարող է դառնալ անհամբեր և զգացմունքայինորեն հեռու իր շրջապատից։


Ֆիզիկական հետևանքները նույնպես զգալի են՝ գլխացավեր, սրտանոթային խնդիրներ, իմունային համակարգի թուլացում, էմոցիոնալ սպառվածություն։ Բացի այդ, այն հաճախ քայքայում է ընտանեկան և սոցիալական հարաբերությունները, քանի որ մարդը քիչ ժամանակ և ուշադրություն է հատկացնում իր մտերիմներին։

Ինչպե՞ս հաղթահարել աշխատանքից կախվածությունը


Հաղթահարում սկսվում է խնդրի գիտակցումից։ Երբ մարդը հասկանում է, որ աշխատանքը վերահսկում է իր կյանքը, դա արդեն առաջին կարևոր քայլն է։


Հաջորդ քայլը սահմանների ձևավորումն է։

Կարևոր է հստակ տարանջատել աշխատանքային և անձնական ժամանակը, սահմանել աշխատանքային ժամեր և սովորել ասել «ոչ» ավելորդ պարտականություններին։ Հանգիստը պետք է ընկալվի ոչ թե որպես ժամանակի կորուստ, այլ որպես անհրաժեշտ ներդրում սեփական առողջության մեջ։


Շատ դեպքերում արդյունավետ է մասնագետի աջակցությունը։ Հոգեբանը կամ հոգեթերապևտը կարող է օգնել բացահայտել վորկահոլիզմի խորքային պատճառները, աշխատել ինքնագնահատականի, անհանգստության և կատարելագործման մոլուցքի հետ։

Եթե  նկատում եք, որ աշխատանքը խանգարում է ձեր հոգեկան բարեկեցությանը, կարող եք օգտվել մեր հոգեկան առողջության ծրագրից։ 


MeetQ-ը՝ հարթակ է , որը միավորում է փորձառու հոգեբանների և թերապևտների։ Ներբեռնիր ծրագիրը , ամրագրիր այց՝ առցանց կամ առկա ձևաչափով։

  

Աշխատանքից կախվածությունը լուծելի խնդիր է, հատկապես երբ մարդը ժամանակին դիմում է օգնության։ Հիշեք՝ առողջ և երջանիկ կյանքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշխատանքը ծառայում է ձեզ, այլ ոչ թե դուք՝ աշխատանքին։

Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից։


Մեր հոդվածներում ներկայացված է թեմայի ընդհանուր նկարագրությունը՝ գաղափարի էությունից մինչև դրա հիմնական ուղղություններն ու նշանակությունը։ Այն տալիս է որոշակի հուշումներ և ուղղորդումներ: Ներառված են միայն հիմնական գաղափարն ու կարևոր եզրահանգումները, որոնք անհրաժեշտ են թեմայի գլխավոր իմաստը ներկայացնելու համար:


Comments


bottom of page