top of page

Աբյուզիվ հարաբերություններ զուգընկերոջ հետ․ ինչպես ճանաչել և դուրս գալ

Աբյուզիվ (բռնարար, կախվածություն ստեղծող, նվաստացուցիչ) հարաբերություններն ամենատարածված խնդիրներից են՝ թե՛ զույգերում, թե՛ ընտանիքներում։ Հաճախ դրանք սկսվում են «սիրո», «խանդի» կամ «խնամքի» անվան տակ, բայց ժամանակի ընթացքում վերածվում են բռնության։ Այս տեսակի բռնությունը հաճախ այնքան նուրբ ու աննկատ է, որ զոհն ինքն էլ չի հասկանում՝ ինչի մեջ է հայտնվել։

Ի՞նչ է աբյուզը և ինչ տեսակներ կան

Աբյուզ (անգլ.` abuse) նշանակում է՝ մեկ այլ անձի նկատմամբ ուժի, վերահսկողության կամ ազդեցության չարաշահում։ Հատկապես հարաբերություններում, դա կարող է արտահայտվել՝

  • հոգեբանական ճնշման

  • վիրավորանքների

  • վախի ու մեղքի զգացում առաջնելու

  • ֆինանսական կախվածություն ստեղծելու

  • մեկուսացման

  • ֆիզիկական բռնության տեսքով։

Աբյուզը հետևողական, կրկնվող վարք է, որի նպատակը զոհի ինքնավստահության, անկախության, հսկողության նվազեցումն է։ Աբյուզիվ հարաբերություններում դուք կարող եք հայտնվել ոչ միայն զուգընկերոջ հետ, այլև՝ ընտանիքի անդամի, ծնողի կամ երեխայի, ընկերոջ կամ ընկերուհու, աշխատավայրում ղեկավարի կամ գործընկերոջ հետ հարաբերություններում։

Ինչպե՞ս են սկսվում աբյուզիվ հարաբերությունները

Սկզբում ամեն բան կարող է լինել իդեալական։Բռնարար զուգընկերը ներկայանում է որպես սիրալիր, հոգատար, ուժեղ։ Նա հաճախ շուտ է սկսում խոսել «իրական սիրո», համատեղ ապագայի մասին։ Հնարավոր է՝ խանդոտ լինի արդեն առաջին ամիսներից։ Բայց դա ներկայացվում է որպես սեր.

«Ես ուղղակի քեզ շատ եմ սիրում, չեմ կարող քեզ կիսել ուրիշների հետ»։  «Սա հանուն քո անվտանգության է»։  «Դու չես հասկանում, բայց ես գիտեմ՝ ինչն է ճիշտ»։

Ժամանակի ընթացքում սիրալիր վերաբերմունքը փոխվում է վերահսկողության, քննադատության, նվաստացման։ Եվ զուգընկերը սկսում է փոխել ձեզ՝ այնպիսին դարձնելով, ինչպիսին իրեն հարմար է։

Միացի՛ր MeetQ-ի Telegram ալիքին։ Այստեղ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի շուրջ սովորաբար լռում են՝ հարաբերություններ, հուզական կախվածություն, ինքնագնահատականի կորուստ։

Աբյուզիվ հարաբերությունների հիմնական նշանները

  • Վերահսկողություն՝ ձոր հաղորդակցությունների, հագուստի, վայրերի նկատմամբ

  • Խանդի մշտական դրսևորում, նույնիսկ առանց պատճառի 

  • Ձեր կարծիքի ու զգացմունքների անտեսում 

  • Լռությամբ պատժում կամ ագրեսիվ կատակներ 

  • Ձեր ինքնագնահատականի քայքայում 

 Արտահայտություններ, ինչպես՝ – «Դու ոչ մի բանի չես կարող հասնել առանց ինձ»

– «Ոչ ոք քեզ չի սիրի, բացի ինձնից» 

– «Դու ես ինձ բարկացնում, դու ես մեղավոր» Այս ամենը հոգեբանական բռնության ձևեր են։

Ինչու՞ է դժվար դուրս գալ աբյուզիվ հարաբերություններից 

Շատերը կարծում են՝ եթե ինչ-որ մեկը քեզ վատ է վերաբերվում, ապա պետք է ուղղակի թողնես ու գնաս։ Բայց իրականությունը շատ ավելի բարդ է։ Աբյուզիվ հարաբերություններում մարդը՝

  • Հաճախ արդեն կախված է զուգընկերոջից՝ հոգեբանորեն, ֆինանսապես կամ սոցիալապես

  • Կորցրել է ինքնավստահությունը և մտածում է՝ «ես չեմ կարող իմ ուժերով»

  • Հավատում է, որ մի օր զուգընկերը կփոխվի

  • Վախենում է մենակ մնալուց

  • Անընդհատ արդարացնում է բռնարարի վարքը՝ հիշելով նախկին «լավ օրերը»

Դա նաև կախվածության համակարգ է՝ շատ նման թմրամիջոցից կախվածությանը։ Կարող է լինել կախվածություն ոչ թե սիրուց, այլ ծանոթ տառապանքից։

Ինչպե՞ս դուրս գալ աբյուզիվ հարաբերություններից

1. Ընդունեք, որ ձեր հանդեպ բռնություն են գործադրում Սա ամենակարևոր ու դժվար քայլն է։ Երբ բաց եք տեսնում ու անվանում ամեն բան իր անունով, սկսում եք վերլուծել իրականությունը։

2. Փնտրեք աջակցություն Աբյուզից միայնակ դուրս գալը դժվար է։ Խոսեք ընկերոջ, ընտանիքի անդամի, հոգեբանի կամ վստահելի մասնագետի հետ։ Կիսվելը ոչ թե թուլություն է, այլ խիզախություն:

3. Սահմանեք ձեր սահմանները Սովորեք ասել ՈՉ, սովորեք որոշել՝ ինչն է ձեզ համար ընդունելի և ինչը՝ ոչ։ Սկսեք ինքնուրույն որոշումներ կայացնել թեկուզ աննշան թվացող իրավիճակներում։

4. Կազմեք անվտանգության պլան, եթե հարաբերությունը նաև ֆիզիկապես վտանգավոր է: Նախապես մտածեք՝ ում կարող ես զանգել, ուր կարող եք գնալ, ինչպես խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։

5. Աշխատեք հոգեբանի հետ

Աբյուզից հետո շատ կարևոր է հոգեբանական վերականգնումը։ Դուք պետք է վերադարձնեք ձեր ինքնագնահատականը, ինքնագիտակցությունը, վստահությունը մարդկանց հանդեպ։

Աբյուզիվ հարաբերությունները քայքայում են ոչ միայն մարդու ինքնագնահատականը, այլև նրա վստահությունը սեփական ընտրությունների և աշխարհի հանդեպ։ Դուրս գալը դժվար է, բայց հնարավոր է։ Կարևոր է հիշել՝ դուք արժանի եք անվտանգ, սիրով ու հարգանքով լի հարաբերությունների։ Աբյուզը երբեք նորմա չէ, և այն դիմանալը՝ հերոսություն չէ։ Սկսեք քայլ առ քայլ կառուցել ձեր սահմանները, դիմեք աջակցության համար և թույլ տվեք ձեզ ապրել ազատ կյանք։

Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:

 
 
 
bottom of page