Ի՞նչ է անձի նարցիսային խանգարումը և ինչպե՞ս ճանաչել այն
- Meri Tadevosyan
- Apr 9
- 2 min read
Updated: Jun 2
Ի՞նչ է անձի նարցիսային խանգարումը
Այսօր նարցիսիզմը դարձել է նորաձև տերմին, որը հաճախ օգտագործվում է առօրյա խոսքում։ Շատերը իրենց ծնողներին, նախկին զուգընկերներին կամ ղեկավարներին մեղադրում են նարցիսիզմի մեջ, սակայն դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Իրականում անձի նարցիսային խանգարումը (ԱՆԽ) լուրջ և կայուն խանգարում է, որն էապես ազդում է ինչպես մարդու, այնպես էլ նրա շրջապատի կյանքի վրա։ ԱՆԽ-ը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով.
Չափից դուրս մեծ ինքնագնահատական և մեծամտություն
Շարունակական ձգտում՝ հիացմունքի և ճանաչման
Կրիտիկան ընդունելու անկարողություն, ինչը կարող է առաջացնել ագրեսիա կամ վրեժխնդրություն
Էմպատիայի բացակայություն, ուրիշների զգացմունքները հասկանալու անընդունակություն
Մանիպուլյատիվ պահվածք, մարդկանց օգտագործում սեփական նպատակների համար
Առողջ կապվածության և անկեղծ զգացմունքների ձևավորման անկարողություն
Ի տարբերություն սովորական ճանաչման և հարգանքի կարիքի, նարցիսները պահանջում են մշտական հաստատում իրենց բացառիկության վերաբերյալ՝ նույնիսկ առանց հիմնավոր պատճառների։ Այդ պատճառով նրանք հաճախ գտնում են իրենց այն ոլորտներում, որտեղ կարելի է ձեռք բերել հանրային ճանաչում, օրինակ՝ շոու-բիզնես, քաղաքականություն, սոցիալական ցանցեր։
Ինչպե՞ս է ձևավորվում նարցիսիզմը
ԱՆԽ-ի արմատները սովորաբար գալիս են մանկությունից։ Փորձագետները առանձնացնում են դրա զարգացման երկու հիմնական պատճառ.
Մերժվածություն մանկության շրջանում․ Եթե երեխան ծնողներից (հատկապես մորից) չի ստանում բավարար սեր և ընդունում, մեծանում է ներքին դատարկության զգացումով։ Մեծանալով՝ նա փորձում է լրացնել այդ բացը՝ ձգտելով շրջապատում ստատուսի հաստատմանը։
Չափազանց մեծ գովեստ․ Եթե երեխային համոզել են, որ նա բացառիկ է, սակայն չեն սովորեցրել դիմակայել ձախողումներին ու քննադատությանը, ապա մեծանալով նա կարող է զարգացնել նարցիսական մտածելակերպ։
Ժամանակակից մշակույթը և սոցիալական ցանցերը նույնպես նպաստում են նարցիսիզմի տարածմանը՝ խթանելով հաջողության, արտաքին գրավչության և բացառիկության գաղափարները։
Ինչպե՞ս են նարցիսները կառուցում հարաբերությունները
Նարցիսական անձինք անկեղծ սիրել չեն կարող, սակայն նրանք հիանալի կարողանում են սիրո իմիտացիա անել։ Նրանց հարաբերությունները սովորաբար ունենում են երեք փուլ.
Իդեալականացում․ Սկզբում նարցիսը բարձրացնում է զուգընկերոջը «պատվանդանի» վրա, մշտապես ուշադրություն է դարձնում, հայտարարում է, որ չի կարող ապրել առանց նրա։ Նրա նպատակն է՝ հնարավորինս արագ կախվածություն ստեղծել։
Արժեզրկում․ Երբ զուգընկերը դառնում է ավելի ինքնուրույն կամ չի արդարացնում սպասումները, նարցիսը սկսում է ստորացնել, մեղքի զգացում առաջացնել և համոզել, որ նա բավարար լավը չէ։
Արժեզրկման ավարտ և հրաժարում․ Երբ զուգընկերը դադարում է ապահովել անհրաժեշտ հուզական «սնունդը», նարցիսը հեշտությամբ ազատվում է նրանից և փնտրում նոր «զոհ»։
Բաժանման ժամանակ նարցիսները կարող են շատ դաժան լինել․ զրկել զուգընկերոջը հուզական և նյութական աջակցությունից, վնասել նրա հեղինակությունը, անգամ վրեժ լուծել։
Անձի նարցիսային խանգարման հոգեթերապիան
Շատերը, ովքեր ունեն անձի նարցիսային խանգարում, չեն ցանկանում դիմել հոգեթերապիայի։ Նրանք համոզված են, որ իրենց ընկալման հետ ոչ մի խնդիր չկա։ Խնդիրները կարող են լինել շրջապատողների մոտ, ովքեր պարզապես չեն հասկանում, թե որքան բախտավոր են, որ հանդիպել են իրենց։
Եթե նարցիսները երբևէ դիմում են հոգեթերապիայի, ապա դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նրանց կյանքում լուրջ ճգնաժամ է ծագում։ Դա կարող է լինել ծանր ամուսնալուծություն, աշխատանքից ազատում կամ մեկ այլ մեծ կորուստ։ Նարցիսը պետք է հստակ հասկանա, որ իր սովորական վարքագիծն այլևս չի աշխատում, որպեսզի որոշի օգնություն փնտրել։
Ամերիկացի հոգեվերլուծաբան Հայնց Կոխուտը կարծում էր, որ նարցիսին օգնելու միակ ճանապարհը՝ նրա նկատմամբ էմպատիա ցուցաբերելն է։ Երբ նրանց վերաբերվում են հոգատարությամբ և ուշադրությամբ, ոմանք աստիճանաբար սկսում են բացվել և անգամ շնորհակալությամբ արձագանքել այդ վերաբերմունքին։
Ընդհանուր առմամբ, հոգեթերապիան կարող է զգալիորեն բարելավել ինչպես նարցիսի, այնպես էլ նրա շրջապատի կյանքը։ Այն օգնում է վերանայել վարքագծային սովորությունները, օրինակ՝ զուգընկերոջ արժեզրկումը։
Նարցիսիզմը լուրջ հոգեբանական խնդիր է, բայց դուք կարող եք սովորել պաշտպանել ձեզ։ Հետևեք MeetQ-ի Telegram ալիքին, որտեղ մենք պատմում ենք հոգեբանական առողջության, անձնական սահմանների և ինքնագնահատականի վերականգնման մասին։
Նյութի բովանդակությունը ստուգվել և հաստատվել է մասնագետի կողմից:



Comments