Կոգնիտիվ-վարքային թերապիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս կարող է փոխել ձեր կյանքը
- Meri Tadevosyan
- Jun 30
- 3 min read
Updated: Jul 11
Կոգնիտիվ-վարքային թերապիան՝ կամ ԿՎԹ-ն, ժամանակակից, գիտականորեն հաստատված հոգեբանական մոտեցում է, որը կենտրոնանում է ձեր մտքերի, զգացմունքների և վարքի փոխկապակցվածության վրա։ Այս թերապիան օգնում է ձեզ ճանաչել մտածողական սխեմաները և սովորել՝ ինչպե՞ս աշխատել բացասական մտածողության հետ, կարգավորել զգացմունքներն ու արձագանքները, հաղթահարել տագնապները, վախերը կամ ընկճվածությունը։
Ի՞նչ է ԿՎԹ-ն
ԿՎԹ-ն միավորում է երկու հիմնական աշխատանքային ուղղություն։ Կոգնիտիվ թերապիան օգնում է բացահայտել և վերաիմաստավորել ավտոմատ մտքերը, ինչպես նաև դրանց հիմքում ընկած հավատամքները։
Վարքային թերապիան, իր հերթին, կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք մենք սովորաբար իրականացնում ենք՝ օգնելով ձևավորել ավելի առողջ և արդյունավետ վարքագծային ռազմավարություններ։ Այս թերապիան կառուցվածքային է, նպատակային և ժամանակային առումով սահմանափակ։ Հիմնական ուշադրությունը սևեռված է ոչ թե անցյալի խորը վերապրումներին, այլ ներկայի խնդիրների հաղթահարմանը և կոնկրետ լուծումների մշակմանը։
Իսկ եթե ձեզ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կարգավորել մտածողությունն ու հաղթահարել տագնապը ԿՎԹ մեթոդով, միացեք Meetq-ի Telegram ալիքին։ Այստեղ կգտնեք գործնական խորհուրդներ, որոնք կարող են փոխել ձեր կյանքը։
Ի՞նչ խնդիրների դեպքում է ԿՎԹ-ն արդյունավետ
Կոգնիտիվ-վարքային թերապիան կիրառվում է տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում՝
Տագնապային խանգարումներ, այդ թվում՝ սոցիալական անհանգստություն, վախեր, պանիկային արձագանքներ
Դեպրեսիա և ընկճվածություն
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (OCD)
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD)
Քնի խանգարումներ
Սթրեսի վերահսկման դժվարություններ
Ցածր ինքնագնահատական
Վարքային կախվածություններ՝ սննդից, խաղերից կամ տեխնոլոգիաներից
Ինչպե՞ս է աշխատում ԿՎԹ-ն
ԿՎԹ-ի տեսության հիմքում «միտք -զգացում-վարք» եռանկյունին է։ Մեր մտքերը որոշում են, թե ինչպես ենք մենք զգում, իսկ այդ զգացողությունները իրենց հերթին ազդում են մեր վարքի վրա։
Օրինակ՝ եթե դուք անընդհատ մտածում եք, թե «ես ոչ մեկին հետաքրքիր չեմ», ապա հնարավոր է, որ ձեր մեջ ձևավորվի վախ մերժումից, և դուք սկսեք խուսափել սոցիալական շփումներից։ Թերապիայի ընթացքում այդ միտքը վերանայվում է, և դուք կարող եք սովորել ավելի ինքնավստահ լինել հարաբերություններում։
Տեխնիկաներ, որոնք կիրառվում են ԿՎԹ-ում
ԿՎԹ-ն հիմնվում է մի շարք գործնական և կիրառելի տեխնիկաների վրա, որոնք օգնում են ձեզ դուրս գալ մտքերի ու վարքի փակ շրջանից։
Մտքերի վերլուծություն․ թերապևտի աջակցությամբ դուք գրի եք առնում կոնկրետ իրավիճակները, դրանցում առաջացած զգացմունքներն ու ավտոմատ մտքերը։ Այս գործընթացն օգնում է ավելի պարզ հասկանալ՝ ինչ մտքեր են ազդում ձեր վարքի վրա։
Կոգնիտիվ վերակառուցում․ դուք սովորում եք քննադատաբար դիտարկել ձեր մտածողությունը և բացահայտել այն սխալ կամ խանգարող մտքերը, որոնք ձևավորում են ձեր հույզերն ու արձագանքները։ Դրանց փոխարեն դուք ձևավորում եք ավելի առողջ և իրատեսական ընկալումներ։
Վարքային փորձարկումներ․ առօրյա կյանքում դուք սկսում եք փորձարկել նոր մոտեցումներ՝ հասկանալու, թե ինչպես են դրանք օգնում հաղթահարել կոնկրետ խնդիրներ կամ սթրեսային իրավիճակներ։
Էքսպոզիցիա․ աստիճանաբար առերեսվում եք վախի կամ անհանգստության աղբյուրին և սովորում եք կառավարել ձեր արձագանքը՝ առանց փախուստի։
Տնային առաջադրանքներ․ յուրաքանչյուր սեանսից հետո դուք ստանում եք գործնական վարժություններ, որոնք թույլ են տալիս ամրապնդել սովորածը ձեր առօրյա կյանքում։
ԿՎԹ-ի առանձնահատկություններ
Կոգնիտիվ-վարքային թերապիան ունի հստակ կառուցվածք և համակարգված մոտեցում։ Սեանսների ընթացքում դուք մշակում եք կոնկրետ նպատակներ և քայլ առ քայլ շարժվում դրանց իրագործման ուղղությամբ։
Թերապիայի արդյունավետությունն ապացուցված է բազմաթիվ գիտական հետազոտություններով։ Այն համարվում է աշխարհի տարբեր երկրներում ընդունված և կիրառվող հիմնական հոգեթերապևտիկ մեթոդներից մեկը։
Այս մեթոդը նաև սովորեցնում է ձեզ օգնել ինքներդ ձեզ։ Դուք ձեռք եք բերում գործիքներ, որոնք կարող եք օգտագործել նույնիսկ թերապիայի ավարտից հետո՝ ձեր մտածողությունը վերահսկելու և դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու համար։
Շատ դեպքերում ԿՎԹ-ն կարճաժամկետ է։ Բավական է 8-ից 20 հանդիպում, որպեսզի սկսեք նկատել շոշափելի արդյունքներ և կիրառեք նոր հմտությունները ձեր առօրյայում։
Եթե ցանկանում եք հաղթահարել տագնապը, դեպրեսիան կամ պարզապես սովորել կարգավորել մտածողությունն ու ռեակցիաները՝ կոգնիտիվ-վարքային թերապիան կարող է լինել ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը։
MeetQ հարթակում դուք կարող եք ընտրել փորձառու մասնագետներ, որոնք աշխատում են ԿՎԹ մեթոդով և սկսել աշխատել ձեր կյանքի վրա՝ կառուցվածքային և հոգատար մոտեցմամբ։



Comments