Խաղամոլություն․ախտանիշները, պատճառները և արդյունավետ բուժումը
- Meri Tadevosyan
- 6 days ago
- 3 min read
Updated: 4 days ago
Խաղամոլությունը կամ գեմբլինգ կախվածությունը լուրջ հոգեբանական խանգարում է, որի դեպքում մարդը կորցնում է վերահսկողությունը խաղադրույքներ կատարելու նկատմամբ, նույնիսկ երբ դա հանգեցնում է ֆինանսական դժվարությունների, ընտանիքում ու հարաբերություններում լարվածության, աշխատունակության անկման կամ կյանքի որակի վատթարացման։
Սկզբում դա կարող է թվալ պարզապես անվնաս զվարճանք՝ «ուղղակի մի անգամ փորձեմ բախտս» տրամաբանությամբ։ Բայց որոշ մարդկանց համար այդ փորձը դառնում է անդադար գայթակղություն, որը վերածվում է խորը կախվածության։ Այդ կախվածությունը խլում է ոչ միայն գումարը, այլև վստահությունը, հոգեկան կայունությունը և կյանքի նկատմամբ վերահսկողությունը։
«Խաղային կախվածությունն ամբողջությամբ փոխում է մարդու հոգեկան առողջությունը։ Այս ֆոնի վրա հաճախ զարգանում է դեպրեսիա, ընկճված տրամադրություն, անտարբերություն, որը անգամ կարող է հանգեցնել մինչև ինքնասպանության փորձերի։ Խաղային կախվածությունը հոգեկան առողջության ոլորտի խնդիր է այն դեպքում, երբ այն խաթարում է անձի կյանքի որակը, և նրան անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն։» — Կլինիկական հոգեբան Վերժինե Տեր-Գասպարյան
Եթե ձեզ հետաքրքրում են հոգեբանական առողջության մասին գիտելիքներն ու պրակտիկ խորհուրդները՝ խաղամոլությունից սկսած մինչև էմոցիոնալ սպառվածություն, ապա միացեք Meetq-ի Telegram ալիքին։
Խաղամոլությունը թվերով
Ըստ 2024 թ․ The Lancet-ում հրապարակված միջազգային ուսումնասիրության՝
Մեծահասակների մոտ 8.7%-ը մասնակցում է ռիսկային խաղերին,
1.41%-ն ունի լուրջ խնդիրներ կապված խաղամոլության հետ։
Յուրաքանչյուր վեցերորդ դեռահաս (159.6 մլն մարդ ամբողջ աշխարհում) գոնե մեկ անգամ խաղացել է գումարի դիմաց:
Խաղամոլության 9 մտահոգիչ նշան
Եթե այս նշաններից առնվազն չորսը հանդիպում են վերջին 12 ամսվա ընթացքում, դա կարող է լինել խաղամոլության ցուցիչ։
Անընդհատ բարձրացնում եք խաղադրույքների չափը
Բարկանում եք կամ անհանգստանում, երբ փորձում եք դադարեցնել խաղը
Փորձել եք դադարեցնել խաղը, բայց չի ստացվել
Մշտապես մտածում եք խաղի մասին
Խաղում եք, երբ սթրեսային կամ անհանգիստ վիճակում եք
Կորցրած գումարը փորձում եք հետ բերել նոր խաղադրույքներ անելով
Ստում եք խաղադրույքների չափերի մասին
Խաղի պատճառով խնդիրներ եք ունեցել հարաբերություններում կամ աշխատանքում
Վարկ եք վերցնում կամ պարտք անում՝ խաղալու կամ պարտքերը փակելու համար
Ինչո՞ւ որոշ մարդիկ դառնում են խաղամոլ, իսկ ուրիշները՝ ոչ
Խաղամոլությունը ձևավորվում է տարբեր գործոնների ազդեցության տակ՝
Գենետիկ նախատրամադրվածություն
Միջավայրային պայմաններ՝ օրինակ, երբ ընտանիքում կամ ընկերների շրջանում խաղադրույքներ դնելու մշակույթ կա
Էմոցիոնալ ցնցումներ կամ սթրես
Նեյրոբիոլոգիա՝ ուղեղի պարգևատրողական համակարգը (մեզոլիմբիկ ուղի) գերծանրաբեռնվում է խաղի միջոցով և սկսում է պահանջել ավելի շատ «դոպամին»։
Մարդիկ սկսում են խաղալ նախ՝ զվարճանալու համար, հետո՝ խնդիրներից փախչելու, վերջում՝ դառնում են կախված։
Ի՞նչ ինքնախաբեություն է բնորոշ խաղամոլներին
Խաղամոլ մարդիկ հաճախ ունեն սխալ մտածելակերպ կամ «կոգնիտիվ խեղաթյուրումներ»՝
Վստահություն, որ «հաջորդ խաղը կբերի մեծ շահում»։
Մոգական մտածողություն՝ եղանակը, շաբաթվա օրը կամ համազգեստը կարող է ազդել հաջողության վրա։
Մոռացություն պարտությունների մասին և միայն շահումների հիշողություն։
Ինքնարդարացում՝ «ես մեծ եմ, որոշումներն ինքս եմ կայացնում»։
Այս բոլոր մտքերը ձևավորում են «կարճաժամկետ հաճույքի» ուղղված վարք, որտեղ բացակայում է բացասական հետևանքների գնահատումը։
Ինչո՞ւ է դժվար դադարեցնել խաղալը
Բոլոր խաղամոլները չեն ուրախանում խաղալուց։ Շատերը խաղում են մեղքի, սթրեսի կամ նույնիսկ վախի վիճակում՝ մտածելով, որ այլ ելք չկա։ Նրանց մոտ սկսվում է «կրեյվինգ»՝ աննկարագրելի ուժեղ ցանկություն խաղալու, որը գերակայում է տրամաբանության նկատմամբ։
Մարդը կարող է տեսնել, որ իր կյանքը փլուզվում է, բայց շարունակել խաղալ՝ հույս ունենալով, որ հաջորդ անգամ կհաջողվի շահել և «ամեն ինչ կվերականգնվի»։
Ինչպե՞ս կարող են հարազատները օգնել
Մի մեղադրեք, փոխարենը՝ փորձեք հասկանալ։
Խրախուսեք մասնագետի մոտ այցելել:
Մի ֆինանսավորեք նրանց խաղադրույքները՝ նույնիսկ անուղղակիորեն։
Ստեղծեք անվտանգ միջավայր՝ առանց դատապարտման։
Խաղամոլությունը բուժելի է, բայց այն պահանջում է համբերություն, աջակցություն և պրոֆեսիոնալ մոտեցում։
Խաղամոլությունը իրական հոգեկան խնդիր է, որը պետք է ճանաչել, ընդունել և բուժել։ Եթե դուք կամ ձեր շրջապատում ինչ-որ մեկը բախվում է նման իրավիճակի, կարևոր է չհապաղել օգնություն խնդրել։ Գոյություն ունեն արդյունավետ մեթոդներ, որոնք կարող են օգնել հաղթահարել կախվածությունը, վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և բարելավել կյանքի որակը։
MeetQ հարթակում դուք կարող եք գտնել հոգեբաններ, ովքեր մասնագիտացած են կախվածությունների, այդ թվում՝ խաղամոլության բուժման մեջ։
Comentarios